Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պտույտ հետխորհրդային տարածքով

Պտույտ հետխորհրդային տարածքով
20.10.2015 | 00:09

«Իրատեսի» հյուրն է ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ:

-Ի՞նչ է կատարվում աշխարհում Նյու Յորքում Պուտին-Օբամա հանդիպումից հետո:
-Մենք ոչ այնքան պարզ շրջանում ենք, երբ փոխվում են ուժի կենտրոնների բևեռները՝ նախ, և ընդհանրապես՝ փոխվում է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը: Այդ փոփոխությունները սկսվեցին ուկրաինական ճգնաժամով, հիմա գործընթացները նոր բովանդակություն են ստանում: Բավականաչափ ինտենսիվ ու նշանակալից իրադարձություններ են աշխարհում կատարվում՝ Սիրիայի ռազմական կոնֆլիկտի նոր փուլը, այս կամ այն կերպ ՈՒկրաինայի ճգնաժամը կարգավորելու փորձը, հավելեք Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ Ռուսաստանի ու Չինաստանի ծավալուն և արագ մերձեցումը, որ երկու գերտերությունների քաղաքակրթական ալյանս կարելի է անվանել: Երկու պետություններն էլ լավ հասկացել են իրենց սպառնացող մարտահրավերները: Թե ղեկավարները, թե քաղաքական էլիտայի նշանակալից մասը հասկանում է, որ դիմակայել այդ մարտահրավերներին միայնակ հնարավոր չէ և պետք է ջանքերը միավորել: Այս փաստը ինքնին խոսուն ու կարևոր է, մինչև բոլորովին վերջերս Չինաստանը հնարավորինս խուսափում էր միություններից ու դաշինքներից և վարում էր բավականաչափ ինքնուրույն քաղաքականություն միջազգային ասպարեզում:
-Միայնակ գա՞յլ:
-Երկիր-քաղաքակրթություն՝ ավելի շուտ, որ լավ հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ և առավել մերձեցման չի ձգտում: Ամեն ինչ սկսվեց Շանհայի համագործակցության միջազգային կազմակերպությունից, և հիմա մենք ունենք մերձեցման այլ դրսևորումներ: Փորձ է արվում ինտեգրացիոն ալյանսն ընդլայնել BRICS-ի հետ կապերի շրջանակներում: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ծայրահեղ դժգոհ է դեպքերի այդ շրջադարձից և էական ճնշում է գործադրում լատինամերիկյան երկրների վրա: Մասնավորապես՝ Կուբայի, որտեղ գայթակղման մեծ գործընթաց է սկսվել:
-ԱՄՆ-ը Վիետնամն էլ տարավ:
-Այո, այդ պատճառով իրավիճակը բոլորովին այլ է, քան վերջերս էր ընդամենը: Այլ է ոչ այնքան այն պատճառով, որ փոխվում է ԱՄՆ-ի՝ իբրև համաշխարհային հեգեմոնի ու ոստիկանի դերը, և նա պարզապես չի կարող այլևս վերահսկել ամբողջ աշխարհը, այլ այն պատճառով, որ ամբողջ խումբ երկրներ հստակ հասկանում են իրենց շահերը և ձգտում են այդ շահերը պաշտպանել:
-Եթե Սիրիա վերադառնանք, ո՞րն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բուն նպատակը, համաշխարհային ԶԼՄ-ները տասնյակ տարբերակներ են առաջադրում, բայց ո՞րն է ճիշտը:
-Դա ոչ ոք չգիտի: Գիտի միայն ինքը՝ Պուտինը: Դա բացարձակապես ճիշտ է, որովհետև եթե ուրիշ մեկն էլ իմանար, մենք հաստատ հասած չէինք լինի այն հաջողություններին, որ ունի Սիրիայի կանոնավոր բանակը՝ ստանալով ռուսական ավիացիայի ուժեղ աջակցությունը: Ի՞նչ է մտածում Ռուսաստանի առաջին դեմքը, հատուկ հարց է ու հատուկ գաղտնիք, գուցե ամենամերձավոր շրջապատը միայն գիտի, մենք կարող ենք դատել նրա քայլերի արդյունքներից: Ես կարծում եմ, որ արդեն հասկանալի է՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Սիրիայում չեն կարողանա ամեն ինչ հանգեցնել Լիբիայի սցենարին և հարկադրված կլինեն պայմանավորվածության գալ բոլորովին այլ պայմաններով: Փոխվել է նաև միջազգային հանրության վերաբերմունքը բուն Սիրիային, Սիրիայի կոնֆլիկտին: Եթե առաջ ԻՊ-ի դեմ միայնակ պայքարում էին ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները, հիմա ԻՊ-ին դիմակայողների շրջանակն ընդլայնվել է, Ռուսաստանը ցույց տվեց, որ ԻՊ-ի դեմ պայքարում, փաստորեն, կան արդյունավետ մեթոդներ՝ հիմա դա քննարկվում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում և ամերիկացիների համար այնքան էլ հաճելի պատմություն չէ, այնուհանդերձ փաստը մնում է փաստ: Հիմա փորձեր են ձեռնարկվում Ռուսաստանի հաջողությունները նսեմացնել, բայց դա հնարավոր չէ և ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը կհրավիրվի լայն կոալիցիա, որը պետք է ոչ միայն դիմակայի ԻՊ-ին, այլև վերացնի այդ սպառնալիքն աշխարհի համար:
-Ինչպե՞ս է լուծվելու Բաշար Ասադի հարցը, նա մնալո՞ւ է նախագահ, կազմավորվելո՞ւ է անցումային կառավարություն, նո՞ր ընտրություններ են լինելու:
-Դա քաղաքական բանակցություններում պիտի որոշվի: Մոսկվան Արևմուտքին թույլ չտվեց Բաշար Ասադի համար Մուամար Քադաֆիի ճակատագիրը պատրաստել: Արդեն օրակարգում հայտնվել է կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հարցը՝ կոալիցիոն կառավարությո՞ւն, նոր ընտրություննե՞ր, ա՞յլ տարբերակ՝ դա քաղաքական բանակցությունների հարց է՝ պայմանավորվածությունների և փոխզիջումների, բայց ոչ խաղաղ բնակչության օդային ռմբահարումների՝ իբրև հակազդեցություն այն կառավարության, որ իշխանության է եկել լեգիտիմ ճանապարհով՝ ընտրություններում հաղթելով:
-Հնարավոր համարո՞ւմ եք ալավիտական պետության ստեղծումը Սիրիայի տարածքում:
-Ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու:
-Իսկ քրդակա՞ն հարցը, որ սպառնալից դարձավ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո, և Թուրքիան հիմա մասնատված է երկու մասի՝ թուրքեր և քրդեր: Պաշտոնապես դա կճանաչվի՞:
-Դա հավերժական հարց է, ես կարծում եմ, որ Թուրքիայի պետությունը շահագրգռված չէ այդ հարցում, և հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Սիրիայի հարցին:
-Կամ ընտրությունների՞:
-Իրավիճակն իհարկե պատային է, բայց, կարծում եմ, լուծումներ կգտնվեն:
-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցությունների համար չընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը և միաժամանակ հայտարարեց, որ պատրաստ չէ Մոսկվա պատվիրակություն ուղարկել՝ ինչպես Սերգեյ Լավրովն ասաց Պետդումայում:
-Ես չեմ կարող պնդել, որ այդպես է, բայց կարծիք կա, որ ԱՄՆ հետախուզությունը չնկատեց պատրաստվող գործընթացները Սիրիայի հարցով:
-Օբաման ասում էր, որ իրենք տեղյակ են եղել:
-Իսկ ի՞նչ է մնում նրան ասել: Հին անեկդոտ կա՝ տարիքով ջենթլմենը դիմում է բժշկին, որ որոշ հարցերում մեծ խնդիրներ ունի: Բժիշկը քննում է, հետո հարցնում է, իսկ քանի՞ տարեկան եք: Պատասխանում է՝ 79: Բժիշկն ասում է՝ ի՞նչ եք ուզում, ուրեմն: Ջենթլմենն առարկում է, որ իրենից մեծ ընկերն ասում է՝ իր հետ ամեն ինչ կարգին է: «Դուք էլ ասեք»,- պատասխանում է բժիշկը: Պուտինն ասում է, չէ՞, որ վաղօրոք էր ամեն ինչ պատրաստված, ծրագրված, տիեզերքից ստացված տվյալներով:
-Իսկ քաղաքական մասը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններո՞ւմ էր համաձայնեցված:
-Զուգահեռ բանակցվում էր:
-Իսկ ո՞րն է Իրանի դերը՝ բոլոր բանակցություններից, խորհրդարանում համաձայնագիրը ընդունելուց, ԱՄՆ Կոնգրեսն էլ դեմ չի լինի, հետո աշխարհում ու տարածաշրջանում:
-Իրանի դերը, իհարկե, մեծանում է տարածաշրջանում, ոչ այն պատճառով, որ Իրանն է այդպես ուզում, այլև բոլոր հարևանները, Հայաստանն էլ արդեն փորձում է իր ծառայություններն առաջարկել և լիովին հնարավոր է, որ ընդունվեն ու քննարկվեն, եթե Հայաստանում է Իրանի փոխնախագահը: Տարածաշրջանում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, եթե յուրաքանչյուր երկիր օգտագործի իր ներուժը:
-Եթե իրանական ու հայկական կողմի առաջարկները փոխըմբռնում գտնեն, Ռուսաստանն ի՞նչ արձագանք կտա: Ռուսաստանի համար Իրանը դաշնակի՞ց է, թե՞ մրցակից:
-Քաղաքական կտրվածքով Իրանն ավելի շուտ դաշնակից է, քան մրցակից: Եվրասիական պատմության ենթատեքստում, կարծում եմ, Ռուսաստանը շահագրգռված է Իրանի հետ կապերի ընդլայնումով՝ դա կմեծացնի տարածաշրջանի եվրասիական ներուժը:
-Ի՞նչ դեր է մնում Ադրբեջանին:
-Ադրբեջանը հիմա վարում է ծայրահեղ զգույշ քաղաքականություն:
-Նոյեմբերի մեկի ընտրությունների պատճառո՞վ:
-Ընտրությունները գալիս-գնում են, կարծում եմ՝ զգուշավորության պատճառը Արևմուտքի հետ հարաբերությունների վերանայումն է, որ ոչ քիչ չափով նաև ուկրաինական ճգնաժամի հետևանք է: Յուրաքանչյուր երկիր տեսավ՝ ինչ է կատարվում ՈՒկրաինայում, և մտովի այդ հանդերձները ինքը փորձեց: Դրանից հետո քաղաքական գործիչներն ավելի զուսպ են դարձել՝ ոչ ոք չի կարող բացառել, որ այդ սցենարն իր երկրում չի կրկնվի:
-Ա՞յդ պատճառով է Ադրբեջանը ինքնամեկուսացման գնում:
-Գուցե այն պատճառով, որ տարբեր կողմերից առաջարկվող նախագծերը Ադրբեջանին թվում են ոչ անվտանգ, բազմավեկտորության քաղաքականությունը, որ, Դուք էլ գիտեք, միայն Ադրբեջանին չէ բնորոշ, ծայրահեղ զգուշավոր է դառնում: Բայց մինչև անվերջություն ծայրահեղ զգուշավոր քաղաքականություն շատ դժվար է վարել, իրավիճակը կտրուկ փոխվում է, և երկիրը կարող է բարդ ընտրության առաջ հայտնվել: Ավելի լավ է այդ ընտրությունն ինքնուրույն անել, քան աքացիների տակ: Շատ խելամիտ կլիներ, եթե այս իրավիճակում Ադրբեջանը դիտարկեր եվրասիական ինտեգրման հնարավորությունները: Գուցե չդառնար ԵԱՏՄ անդամ, բայց համագործակցության ձևաչափեր փորձարկեր՝ մեկուսացման վիճակում չհայտնվելու համար:
-Դուք ինձ ստիպում եք հարցնել՝ իսկ Ղարաբա՞ղը: ԵԱՏՄ-ին անդամակցության իր գինն Ադրբեջանն արդեն ասել է՝ Լեռնային Ղարաբաղը:
-Ես կարծում եմ՝ հիմա ոչ ոք պատրաստ չէ այդ գինը վճարել: Ցանկացած խնդիր մի քանի ելքեր ունի, սա հենց այդ իրավիճակն է, երբ Ղարաբաղը չի կարող վարձավճար լինել, կան այդ խնդրի լուծման միանգամայն այլ, արդարացի տարբերակներ:
-Դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե է նշանակված, հաջողության դեպքում Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման: Համարյա զուգահեռ Հայաստան վերադառնալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու անակնկալ ցանկություն հայտնեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Դա ռուսակա՞ն նախագիծ է, ռուս-հայկակա՞ն, թե՞ հայկական:
-Ես չեմ կարող Արա Աբրահամյանի վերադարձի իրական դրդապատճառներն իմանալ, բայց կարող եմ իմ անձնական գնահատականը տալ Հայաստանի՝ խորհրդարանական հանրապետություն դառնալու մտադրությանը: Ընդհանրապես նախագահականից, խորհրդարանական, խորհրդարանականից նախագահական անցումները հետխորհրդային տարածքի պատմությունն են, որին մենք երկու տասնամյակ ականատես ենք, ուստի կարող ենք այդ փոփոխություններն արդեն գնահատել: Հետխորհրդային իրականությունը վկայում է, որ խորհրդարանական կառավարումը ուժեղացնում է տարբեր քաղաքական ռիսկերը, այդ թվում՝ երկրի քաղաքական համակարգի անկայունության ռիսկը: Որովհետև վերանում է իշխանության ուղղահայացը, հայտնվում են ուժի տարբեր քաղաքական կենտրոններ, որոնք խորհրդարանում սկսում են համեմատվել իրենց ուժով: Երկիրը պետք է ունենա շատ կայուն, հաստատուն, ամուր ժողովրդավարական ավանդույթներ, որպեսզի կարողանա խորհրդարանական կառավարման մեխանիզմը գործարկել: Հետխորհրդային տարածքում դեռ չկա պառլամենտարիզմի պատմություն, մենք շատ հեռու ենք Մեծ Բրիտանիայից այդ իմաստով:
-Դուք կարծում եք՝ զարգացած ու հարուստ երկրնե՞րը միայն կարող են իրենց խորհրդարանական կառավարում թույլ տալ:
-Ոչ, ցանկացած երկիր կարող է, բայց ի՞նչ արդյունքներ կլինեն, դա է հարցը: Նույնիսկ եթե Իտալիայի փորձը դիտարկենք, խորհրդարանական ճգնաժամերը հետպատերազմյան Իտալիայի պատմության մասն են՝ տասնյակ կառավարություններ են փոխվել, համարյա մեկուկես-երկու տարին մեկ: Իտալիան եվրոպական երկիր է, և եթե դիտարկենք եվրոպական քաղաքական տարածքում, չենք կարող ասել, որ բացարձակ կայուն ու ծաղկուն ժողովրդավարության երկիր է: Սկանդալները Իտալիայի քաղաքական կյանքի մաս են, սոցիալական, բնապահպանական խնդիրները չեն լուծվում, այլ լուծվում են կառավարության կազմավորման հարցերը: Պատահական չէ, որ մի քանի տարի խորհրդարանական կառավարում ունենալուց հետո շատ երկրներ վերադառնում են նախագահական կառավարմանը: Այդ պատճառով՝ նման որոշում ընդունելով, Հայաստանի պատասխանատու քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր փորձություններին ու այդ փորձությունները հաղթահարելուն: Սա՝ մեկ: Երկրորդը՝ առանձին հարց է հանրաքվեն, որ ամբողջ ժողովրդի քվեարկությունն է: Իսկ հասարակ ժողովուրդը բոլորովին պարտավոր չէ իմանալ՝ ինչո՞վ է նախագահական հանրապետությունը տարբերվում խորհրդարանականից, Սահմանադրությունը շատ բարդ իրավական փաստաթուղթ է, որ հասկանալու համար իրավական գիտելիքներ է պահանջում:
-Պարտավոր են հասկանալ քաղաքական ուժերը և կողմնորոշել ընտրողին:
-Պարտավոր են, բայց դա շատ բարդ մեխանիզմ է, մարդը կարող է քվեարկել հիմնարար խնդիրների շուրջ՝ ասենք, լեզվի ընտրության, իսկ թե ինչ կառավարման մոդել պետք է լինի՝ նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, մարդիկ, իհարկե, կգնան-կքվեարկեն, բայց դա չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ ընկալում են ամբողջ խնդիրն ու գնահատում:
-Նրանք պատասխանատո՞ւ են իրենց ընտրության համար, թե՞ ոչ:
-Ժողովրդից ոչ ոք պատասխանատվություն չի պահանջում, բայց ամեն ինչի համար ի վերջո ինքն է վճարում: Այդ պատճառով, ինձ մի քիչ վշտացնում են հետխորհրդային երկրներում քաղաքական ուժերի որոշ մանկամտությունն ու շտապողականությունը: Որպեսզի որոշես՝ ինչն է երկրի համար շահավետ, պարտադիր չէ ղեկավարվել այսրոպեական քաղաքական նկատառումներով, պետք է վերլուծել այդ ոլորտի ամբողջ փորձը: Ի՞նչ եղավ ՈՒկրաինայում՝ վարչակարգի փոփոխությունից հետո, ի՞նչ է կատարվում խորհրդարանական հանրապետություն Մոլդովայում, որ երեք տարի չէին կարողանում նախագահ ընտրել, մյուս երկրներում: Պետք է գնահատել՝ որքա՞ն է արդյունավետ, ժամանա՞կն է, թե՞ ժամանակը չէ: Եթե նման որոշում ընդունվի, դա ի վերջո, Հայաստանի ընտրությունն է:
-Հայ-ռուսական հարաբերությունների վրա կառավարման մոդելի փոփոխությունը կանդրադառնա՞:
-Ոչ, կարող է անդրադառնալ քաղաքական իրավիճակի ոչ կայունությունը, եթե այդպես ստացվի: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չի անդրադառնա՝ ինչ վերաբերում է ռուսական կողմին, ինչ վերաբերում է Հայաստանին՝ ի՞նչ քաղաքական ուժեր կգան իշխանության, ի՞նչ գաղափարախոսություն կունենան, խորհրդարանական մեծամասնությունը ո՞ր ուժերից կկազմվի, ինչպե՞ս նրանք կազդեն որոշումների ընդունման վրա, լիովին հնարավոր է, որ անդրադառնա:
-Ա՞յդ պատճառով է Արա Աբրահամյանը հայրենիքում վայրէջք կատարել:
-Տեսնենք՝ ի՞նչ կանի նա և ի՞նչ ընդունելություն կունենա:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ